Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Ողջամիտներիս առաքելությունը

Ողջամիտներիս առաքելությունը
10.06.2026 | 13:05

Մայրական կաթը առատ է լինում՝ միայն, երբ մայրը երջանիկ է: Կրծքի կաթը երեխայի համար ապահովում է նրա ողջ կյանքի իմունիտետը, պարունակում է այնքան կատարյալ սննդարար նյութերի բալանս, որ ոչ մի արհեստական խառնուրդով չեն կարողանում ստանալ, փոփոխվում է ըստ երեխայի աճի պահանջի: Այն է՝ մայրական օրգանիզմը կատարյալ մեխանիզմ է, որը ստեղծարարությունից է երջանկանում, երջանկությունից էլ ստեղծարար է դառնում:

Մայրը երջանկանում է երեխայի ծնունդով, մեկ այլ մարդ ստեղծելով, այդ երջանկությունը վերածվում է հորմոնի և նրան հնարավորություն է տալիս երեխային ծննդյան օրից սնել ու պաշտպանել:

Մարդը կյանքում 2 բանով է լիարժեք երջանիկ լինում՝ բարիք ստեղծելով և այդ բարիքով այլ մարդկանց հետ կիսվելով:

Մնացած հաճույքները պատրանքային են, անցողիկ, ակնթարթային, հաճախ՝ վնասակար, կապ չունեն երջանկության հետ, առավելևս, երբ շահագործվում է մարմինը:

Երբ շահագործվում է մարմինը՝ ուղեղը խաբվում է հաճույքին, երջանկության առկայծումներ է ունենում, ապա նեղանում է մարմնից՝ իրեն խաբելու համար, քանի որ հասկանում է՝ դրանով մարմինն ինքն իրեն վնասել է, իսկ վնասված մարմինն այլևս անվտանգ միջավայր չէ ուղեղի գոյության համար, սկսում է ինքը խաբել մարմնին՝ պատրանքներ ստեղծելով:

Այո, մի՛ զարմացեք, մեր ուղեղը մեր մարմնից առանձին օրգան է: Որքան էլ նա կառավարում է մեր բնազդներն ու պահանջները, նա ինքն իր կյանքով է ապրում և շատ ավելի սերտ կապի մեջ է մեր հոգու հետ, քան՝ մեր մարմնի. հենց սա է պատճառը, որ հոգևոր և ստեղծարար հաճույքից նա առողջանում է ու սկսում է ավելի լավ աշխատել, իսկ լոկ մարմնական հաճույքներից հիվանդանում է:

Արդի աշխարհը մարմնական հաճույքների շքերթ է դարձել, ու մենք չպիտի զարմանանք, որ մեզ շրջապատող մարդկանց ճնշող մեծամասնությունը հոգեշեղվածների է վերածվել. այդ նրանց հոգին չի, որ քնել-զարթնել է ու հիվանդացել, այդ նրանց ուղեղն է, որ պատրանքների մի զարմանազան աշխարհ է նկարել նրանց համար՝ ինքնապաշտպանվելու սկզբունքով:

Սա է պատճառը, որ մենք պարտավոր ենք վերադառնալ հոգևորին, արարչականին, ստեղծարարին: Իսկ սա կարող են անել միմիայն քչաքանակ ողջամիտները:

Չի կարելի մոռանալ նրանց և տրվել մեծաքանակ հիվանդների պատրանքածին աշխարհի պահանջներին: Չի կարելի դառնալ կործանարար և չարիքածին:

Ինչու գրեցի սա՝ չգիտեմ: Երևի, որ հիշեցնեմ՝ մենք պիտի ստեղծենք բարիք և կիսվենք դրանով չարիքի ճիրաններում գերեվարվածների հետ, որ դա է մեր՝ ողջամիտներիս առաքելությունը, որ չպիտի տրվենք հոսանքի հունին, մեր ունեցածը պահենք մեզ ու փառավորվենք դրանով՝ սնելով մեր ցածր Եսը՝ էգոն, որն էլ մեկ այլ չարիքի սկիզբ է:

Չգիտեմ՝ ինչու գրեցի սա: Վաղը կիմանամ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ